• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստան

04 նոյեմբերի, 2017

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով ս.թ. նոյեմբերի 2-ից 4-ը կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստան։

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանի՝ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Այցի սկզբին՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, Նախագահ Սարգսյանը Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ավելի քան 20 երկրից մոտ 2 հազար մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: 

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության հետ և քննարկել երկկողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարային ուղղությունները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ընթացքում վերջինս Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու, ինչպես նաև նույն օրը կայացած համաժողովին մասնակցելու համար։ Հնդկաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ ՀՀ Նախագահի այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին՝ բարձրացնելով դրանք նոր մակարդակի: Վարչապետ Մոդին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը եվրասիական տարածքում: 

Անդրադարձ կատարելով երկկողմ պատմական առնչություններին՝ նա նաև հիշատակել է, որ  հայ վաճառականներն առաջիններից էին, ովքեր գալով Հնդկաստան՝ մեծ խթան հաղորդեցին Հնդկաստանի և տարբեր երկրների միջև առևտրային կապերին: 

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ Նախագահի գլխավորած ուժի տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հերթին Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վարչապետ Մոդիին հրավերի համար և  նշել, որ տպավորված է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը հանդիսացող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդի արդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով։ Վերջինս նաև նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Հնդկաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման գործում: 

Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է վարչապետ Մոդիին և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության անկախության 70-ամյակի առթիվ և նշել, որ որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանը ուրախությամբ է հետևում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին և ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը: 

Հիշատակելով, որ այս տարի երկու երկրները արդեն հատել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա շեմը, կողմերը համակարծիք են եղել, որ այդ հոբելյանը լավագույն առիթն է նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ, ինչպես նաև  ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում ստեղծված նոր հնարավորություններին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկերչությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, կինոարտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նարենդրա Մոդին գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:  Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:


Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ: 

 

 

Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ ագամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ ի նպաստ Հնդկաստանի բարգավաճման ու հնդիկ ժողովրդի բարեկեցության։

Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ բազմաթիվ աղբյուրների պնդմամբ հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձևավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:  Նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում Կալկաթայի հայ համայնքը ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլև ողջ հայության կյանքում: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ ժողովրդի կյանքում Մադրասի հայ համայնքի ունեցած պատմական դերակատարությանը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

 

 

Հնդկաստանի նախագահը ևս շնորհավորել է գործընկերոջը Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:  Կողմերը  երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգից զատ անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը և ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ:

 

 

Ողջունելով փոխնախագահ Նայդուին՝ Նախագահ Սարգսյանը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի հետ հանդիպումը և հայ-հնդկական հարաբերություններին առնչվող հարցերի արդյունավետ քննարկումը` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցելելու հնարավորություն կգտնի նաև պարոն Նայդուն, ում` որպես ասիական տարածաշրջանի խորհրդարանական ամենամեծ ժողովրդավարության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փոխնախագահի, սիրով կհյուրընկալեն մեր երկրում:

 

 

Իր հերթին փոխնախագահ Նայդուն, ողջունելով բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ հինավուրց պատմություն ու հարուստ մշակույթ ունեցող հնդիկ և հայ ժողովուրդները քաղաքակրթական ու արժեքային բազմաթիվ ընդհանրություններ և սերտ առնչություններ ունեն։

Նախագահը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձևավորվել է Հնդկաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ և հայ-հնդկական կապերի ակտիվացման գործում կարևորել է ինչպես խորհրդարանական խմբերի, այնպես էլ բարձրաստիճան փոխայցերի հաճախակի կազմակերպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանաքային օրվա ավարտին հանդիպել է Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

 

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նախագահն ընդգծել է  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի ունեցած դերը, խոսել Հայաստան-սփյուռք հարաբերությունների, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց դիմակայելու հնարավոր ուղիների մասին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների, այդ թվում` հանրաքվեի միջոցով կառավարման նոր համակարգի անցնելու մասին:

 


 

Նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, տեղեկացել նրանց գործունեությանը և լսել համայնքի խնդիրների և դրանց լուծման հարցում հայրենիքից ունեցած ակնկալիքների մասին:



 

Նախագահ Սարգյանը նշել է, թե հաճելի է տեսնել, որ համայնքի ներկայացուցիչների հետ միասին հանդիպմանը ներկա է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև։ Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ իր ջանքերն է միավորում նաև պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը, և հույս է հայտնել, որ նրանց համատեղ ձեռնարկներն արգասաբեր կլինեն:

Հայ-հնդկական միջպետական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարի, առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ներուժի, հայ և հնդիկ ժողովուրդների պատմամշակութային առնչությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» խոշորագույն պետական հեռուստաընկերությանը:

 

 

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Թաջ Մահալ և գրառում կատարել Հնդկաստանի խորհրդանիշը համարվող այդ պատմական կոթողի պատվավոր հյուրերի մատյանում:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: